ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Միջազգային դատարաններում թղթե սուսերով մենամարտերը նպաստում են հարաբերությունների սրմանն ու լարվածության աճին

Միջազգային դատարաններում թղթե սուսերով մենամարտերը նպաստում են հարաբերությունների սրմանն ու լարվածության աճին
16.04.2024 | 23:38

Այն ժամանակն ու ռեսուրսները, որ այժմ և նախորդ երկու-երեք տարիների ընթացքում ծախսվել են միջազգային դատարաններում ընդդեմ Ադրբեջանի, զրո արդյունք են ունեցել և կունենան նաև մոտակա ժամանակներում: Ալիևի վարչակարգը, ինչպես ցույց տվեցին իրադարձությունները, պարզապես անտեսում և աղբանոց է նետում միջազգային դատարանների բոլոր որոշումները: Դեռ ավելին, այժմ, երբ սահմանագծման և սահմանազատման աշխատանքներն ու դրանց շուրջ բանակցությունները, ըստ էության, մտել են փակուղի, և կոնֆլիկտայնությունը հասել է նախապատերազմական իրավիճակի, միջազգային դատարաններում թղթե սուսերով մենամարտերը նպաստում են հարաբերությունների սրմանն ու լարվածության աճին: Իմ տպավորությունն այն է, որ ադրբեջանական կողմին երբեմն էլ հաջողվում է գործընթացն ուղղել Հայաստանի դեմ: Միջազգային դատարաններում գնալ-գալը, մասնագետներ և կողմնակիցներ հավաքագրելը, լոբինգը և այլն, թանկ հաճույք են: Եթե որևիցե անգամ միջազգային արդարադատության կամ քրեական դատարանների հայ-ադրբեջանական հակամարտության վերաբերյալ թեկուզ մի որոշում կատարվել է, ես անմիջապես կհրաժարվեմ իմ կարծիքից: Արժե՞ արդյոք հրատապ լուծումներ պահանջող մեր խնդիրները թողած՝ շրջագայել այնտեղ, որտեղ վաղուց արդեն ոչ մի հարց էլ չի լուծվում, ընդհակառակը, ավելի է բարդացնում իրավիճակը: Միջազգային հարաբերությունների և համաշխարհային քաղաքականության ցանկացած միջին մակարդակի մասնագետ կասի, որ միջազգային իրավունք, երևի թե մի երեսուն տարի է, որ գոյություն չունի: Հայ ժողովուրդը շատ լավ գիտի այդ մասին իր դառը փորձից: Հիմա դիտում եմ Արդարադատության միջազգային դատարանի նիստը, ելույթները, պաթոսը, դատավորների լուրջ և մտահոգ դեմքերը, Եղիշե Կիրակոսյանի և մեր կողմից հանդես եկող մյուս իրավաբանների փայլուն և ջախջախիչ ելույթները և մտորում եմ՝ վերջն ի՞նչ է լինելու:

Գարիկ Քեռյան

Դիտվել է՝ 1610

Մեկնաբանություններ